Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆուտբոլային գնդակի կախարդական պտույտները

Ֆուտբոլային գնդակի  կախարդական պտույտները
26.11.2013 | 10:50

Անցած հանգստյան օրերը եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններում նորից հարաբերություններ պարզելու օրեր էին, չեմպիոնական մրցավազքի շարունակություն` ընդմիջված ազգային հավաքականների ընկերական մրցելույթներով:

Առանց սխալվելու վախի կարելի է ասել, որ բունդեսլիգայի տասներեքերորդ տուրի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը կենտրոնական էր ոչ միայն երկրի ներքին առաջնության, այլև համաշխարհային ակումբային ֆուտբոլի կտրվածքով: Ոչ մեզ տանջենք, ոչ էլ դիմացինին տանջամահ անենք. «Բավարիան» վստահ հաղթանակ տարավ երեք անպատասխան գնդակի առավելությամբ ու արդեն չորս միավորով է առաջ Գվարդիոլայի տղաների հետ միացյալ ուժերով «Բորուսիային» երկրորդից երրորդ հորիզոնական մղած «Բայերից», որն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակի հասավ «Հերտայի» նկատմամբ: Հանուն ճշմարտության ասենք, որ ամբողջովին կազմաքանդված պաշտպանական կենտրոնական գիծ ունեցող դորտմունդցիներին դժվար էլ էր այլ արդյունք ակնկալել բավարացիների կործանարար ուժ ունեցող հարձակման գծի վայրի թափից:

Եթե շաբաթ-կիրակի առանձին վերցրած մեկ խաղի կտրվածքով բունդեսլիգան ֆուտբոլային համայն աշխարհի ուշադրության կենտրոնում էր, ամենալարվածն ու ամենասպասվածը, թերևս, կան ու մնում են անգլիական պրեմիեր լիգայի խաղերը, որտեղ առնվազն վեց-յոթ ակումբ է ներգրավված չեմպիոնական մրցավազքի մեջ և որտեղ դրանցից յուրաքանչյուրի մասնակցությամբ հանդիպումը որակապես խմբագրում է աղյուսակի վերին հորիզոնականների դասավորությունը:
Մի կողմ թողնենք տասներկուերորդում հերթապահ երեք միավոր վաստակած, աղյուսակը միանձնյա գլխավորող Լոնդոնի «Արսենալին» (2:0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին») ու դառնանք տուրի թիվ մեկ հանդիպմանը` լիվերպուլյան դերբիին: Հընթացս երկու անգամ պարտվելով՝ «Էվերտոնը» ոչ միայն կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը, այլև անցնել առաջ և միայն ութսունիններորդ րոպեին Սթարիջի գոլը «Լիվերպուլին» փրկեց հարաբերական արտագնայում պարտությունից: Սա գերազանց որակի ֆուտբոլ էր` համեմված այն լավագույնով, որն ունի ժամանակակից ֆուտբոլը: Լիվերպուլցիների գոլերից առանձնակի նշենք Լուիս Սուարեսի խփածը, ում գալով թիմը վերջին վեց խաղում տասնվեց անգամ գրավել է մրցակցի դարպասը: Ահա և քեզ անհատի դերը կոլեկտիվում: Ասենք, որ Սուարեսի նման ինը գոլ ունի ակտվում և Դենիել Սթարիջը, ով թիմակցի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Լիվերպուլի պես քսանչորս միավոր վաստակած «Չելսին» առաջնության երրորդ հորիզոնականում է (հյուրընկալվելիս «Վեսթ Հեմին» պատժեց երեք անպատասխան գնդակով)։
Իսպանիայի առաջնությունում մնացածներից զգալիորեն առաջ պոկված և երեք միավորի հաջորդականությամբ իրար հետևից դասավորված առաջատար եռյակը շարունակում է իր անվրեպ հաղթաշարը: Այստեղ, թերևս, ամենամեծ ինտրիգն այն է, թե ով իր մրցակցին ավելի շատ գոլերով կհաղթի: Այս անգամ առավել համեստն առանց Մեսիի հանդես եկող «Բարսելոնն» էր՝ «Գրանադային» խփած չորս անպատասխան գոլով: Երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» «Ալմերիային» հաղթեց 5:0 հաշվով (մեկ գոլ Ռոնալդուի ակտիվում է), իսկ Մադրիդի «Աթլետիկոն» «Խետաֆեի» հետ խաղում շատ ավելի հեռուն գնաց իր յոթ անպատասխան գնդակով: «Աթլետիկոյից» դարպասի գրավումով առանձնացել է Դիեգո Կոստան, ում գոլերի քանակն ընթացիկ ներքին առաջնությունում ընդամենը երեքով է պակաս պորտուգալացու տասնյոթից:
Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում հաղթելու անսանձ կրքով նորից առանձնացավ ՊՍԺ-ն՝ հյուրընկալվելիս հաղթելով «Ռեյմսի» հետ խաղում (3:0): Նորից աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը, ում ընթացիկ գոլերի թիվը երկրի առաջնությունում արդեն ինն է: Նման ցուցանիշ ունի և նրա թիմակից Էդինսոն Կավանին, ինչպես նաև վերջինիս նման ֆրանսիական ակումբային ֆուտբոլի այս տարվա երկրորդ խոշոր ձեռքբերումը՝ Ռադամել Ֆալկաոն «Մոնակոյից»: Հենց այս եռյակն է գլխավորում ռմբարկուների ցուցակը: Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Լիլին» ու «Մոնակոյին», մրցաշարային իրենց հավակնությունները նրանք ավելի ուշ պիտի հաստատեին:
Իտալիայի առաջնությունում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Պարմային»՝ երրորդ տեղում ընթացող «Նապոլին» «Յուվենտուսին» ու «Ռոմային» էլ ավելի առաջ պոկվելու փայլուն հնարավորություն տվեց: «Ծեր սինյորան» խնդիրը հաջողությամբ լուծեց` արտագնա խաղում հաղթելով «Լիվոռնոյին» (2:0), իսկ թե որքանով էր «Ռոման» պատրաստ համակերպվելու երկրորդ հորիզոնական նահանջելու հետ, պատասխան տվեց երեկ ուշ երեկոյան ավարտված խաղը «Կալյարիի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ